Մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ «ողջամիտ ծավալների սահմանափակմամբ»: Այս մասին հայտարարվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նոյեմբերի 17-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ։
Բացի այդ, կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60,000 դրամից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:
Նշվում է, որ անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300,000 դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին:
«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով», – նշել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող հարցեր:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






