AM
19 Նոյեմբեր 2020 - 06:57 AMT

Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախության ճանաչման բանաձև կքննարկի

Ֆրանսիայի սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը։

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է սենատոր, նախագծի համահեղինակ Բրունո Ռետայոն:

«Միայն Արցախի Հանրապետության անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները և պաշտպանել թուրքական իսլամիստական էքսպանսիայից», – գրել է Ռետայոն:

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել:

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ևս անդրադարձել է Սենատի նախաձեռնությանը։

«Նախագիծը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր՝ 5 քաղաքական խմբակցության նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- նշել է Մայիլյանը:

Ավելի վաղ Փարիզի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև էր ընդունել:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: