ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:
ԱԳ նախարարները քննարկել են նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:
Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ:
Նոյեմբերի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորմանն ուղղված ջանքերի համակարգումը։ Հանդիպմանը մասնակցել են համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






