Արցախում զոհված ևս 55 զինծառայողի ընտանիք հատուցում կստանա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«Որոշվել է ֆինանսական հատուցումներ կատարել ևս 55 զոհված հերոսի ընտանիքների (այսպիսով` 104 ընտանիք): Առաջիկա մի քանի օրերին արդեն նրանց համար կբացվեն հաշիվներն ու շահառուները կստանան սահմանված գումարները: Ունենք մեկ առաքելություն. այն է` ֆինանսական հատուցումներ կատարել մեր հայրենիքի համար իրենց կյանքը կամ առողջությունը զոհած քաջերին ու նրանց ընտանիքներին ու ամեն ինչ անելու ենք, որևէ ընտանիք ձեռնունայն ու լքված չմնա: Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր լուման ծառայելու է միմիայն այդ առաքելության իրականացմանը»,-ասվում է գրառման մեջ:
Նա հիշեցրել է 1000+ հիմնադրամին ամսական 25,000 դրամ փոխանցելու կոչի մասին, որին արդեն 100 մարդ է միացել։
Ըստ այդ նախաձեռնության, հարկավոր է, որ 1 միլիոն մարդ ամեն ամիս կանոնավոր նվիրաբերություն անի։
«Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք»,- ասվում էր Ավետիքյանի կոչում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին կամ կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։






