Արցախի Մարտակերտի շրջանի տարհանվող 7 գյուղի բնակիչների մեծ մասը երկրորդ անգամ է ստիպված լքել իր տունը։ Այդ մասին տեսաուղերձում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ դիմելով միջազգային հանրությանը Նոր Մարաղայից։
Բեգլարյանը հիշեցրել է 1992թ․Մարաղայի ջարդը, որին զոհ գնաց այդ գյուղի խաղաղ բնակչությունը, իսկ ամբողջ մնացածները հիմնեցին Նոր Մարաղան։ Նա հավելել է, որ ԽՍՀՄ տարիներին վերոնշյալ գյուղերը ընդգրկված են եղել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում։
«Արդյո՞ք այս մարդիկ ունեն ինչ-որ իրավունքներ։ Կույր մի եղեք»,- ասել է Բեգլարյանը։
Տարհանվում են Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդ և Հովտաշեն գյուղերը, քանի որ դրանք, ըստ եռակողմ հայտարարության, անցնում են Ադրբեջանին։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






