AM
20 Նոյեմբեր 2020 - 08:36 AMT

Մարսելի քաղխորհուրդը բանաձևով կոչ է արել Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

«Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղխորհուրդն ընդունել է բանաձև, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տևական խաղաղություն հաստատելու և Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»,-գրել է Մայիլյանը։

Նոյեմբեր 18-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշել էր քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ։