AM
20 Նոյեմբեր 2020 - 11:22 AMT

ԼՂ կառավարությունը կոչ է անում տունդարձից առաջ կապվել շրջանների պատասխանատուների հետ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը թշնամու վերահսկողության տակ մնացած կամ ավերված բնակավայրերում ապրող արցախցիներին կոչ է արել Արցախ վերադառնալուց առաջ կապի մեջ լինել տվյալ շրջանների պատասխանատուների հետ։

Նշվում է, որ Հայաստանում ժամանակավոր բնակվելու ընթացքում առաջացած կենցաղային ծանր խնդիրների դեպքում անհրաժեշտ է դիմել Գարեգին Նժդեհ 23/1 հասցեով։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։ Ըստ դրա Հայաստանը և Ադրբեջանը կանգնում են իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Բաքվին է փոխանցում Աղդամը, Քարվաճառն ու Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։