Իտալացի գիտնականները կոչ են արել երկրի իշխանություններին միջամտել՝ կանխելու Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, տեղեկացնում է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Հրապարակվել է Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականների և աշխարհի այլ համալսարանների ազգությամբ իտալացի գիտնականների՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին։
«Նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու քաղաքական լուծման, որը կճանաչի այս տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա: Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում»,- ասվում է գրառման մեջ:
Ֆրանսիական Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործչի և մտավորականի կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի: Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։
Ռուսաստաի հայտնի մշակութային գործիչները, այդ թվում` դիրիժոր Վլադիմր Սպիվակովը, գրող Զախար Պրիլեպինը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը և այլոք, բաց նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով նպաստել Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը։






