Հայկական կողմից Ռուսաստանը դիմում է ստացել Ղարաբաղում առանց տանիքի մնացած բնակչությանն աջակցելու համար, ֆինանսական առաջարկներ են մշակվում, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կապի մեջ ենք Հայաստանի ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ: Դիմումներ են եղել աջակցություն տրամադրելու մասին, առաջին հերթին` տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առանց տանիքի մնացած քաղաքացիներին սոցիալական աջակցության ֆինանսական ապահովման հարցով»,- ասել է Սիլուանովը։
Նախարարը նշել է, որ իրենք առաջարկներ են պատրաստում, որոնց մասին առանձին կզեկուցեն։
Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ադրբեջանական կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։






