AM
25 February 2009 - 13:33 AMT

Արման Փաշիկյանը նվաճել է առաջատարի դիրքը «Aeroflot open 2009» A1 առաջնությունում

Ավարտվել է փետրվարի 16-27 Մոսկվայում անցկացվող «Aeroflot open 2009» շախմատի միջազգային բաց փառատոնի նախավերջին` 8-րդ փուլը: Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Արման Փաշիկյանը ռուս գրոսմայստեր Իգոր Կուրնոսովի հանդեպ տարած հաղթանակից հետո 8-րդ փուլում 6 միավորով դարձել է A1 առաջնության միանձնյա առաջատարը: Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը 8 փուլերում հավաքել է 5 միավոր եւ կիսում է 10-16 տեղերը A1 առաջնության մյուս մասնակիցների հետ:

A2 առաջնությունում 6,5 միավորով սանդղակը գլխավորում է ԱՄՆ-ից գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Նրան հաջորդում է հայ շախմատիստ Դավիդ Պետրոսյանը, որը 6 միավոր ունի իր հաշվում:

Իսկ C առաջնությունում ավարտվել են բոլոր 9 փուլերը, որի արդյունքում որոշվել են միանգամից 4 հաղթողները, որոնց թվում` երկու հաս ներկայացուցիչ` Աղասի Ինանցն ու Արնոլդ Մինասյանը: Նրանք 7 միավոր էին հավաքել:

Այսօր վերջին` 9-րդ փուլում A առաջնության միանձնյա առաջատար Արման Փաշիկյանն իր ուժերը կչափի սանդղակում իրեն նախորդող ֆրանսիացի գրոսմայստեր Էտյեն Բակրոտի հետ եւ հաղթանակի դեպքում կդառնա A առաջնության միանձնյա հաղթողը:

Նշենք, որ A1 առաջնությունում առաջին տեղը նվաճողը կստանա 21 000 եվրո, A2 առաջնության հաղթողը` 9 000 եվրո, B առաջնությունում` 3 500 եվրո եւ C առաջնությունում` 2 000 եվրո: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 180 000 եվրո:

Փետրվարի 26-ին կկայանա աշխարհի բլիցի առաջնության նախընտրական մրցաշարը, որի 6 հաղթողները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակչում, որը կկայանա նոյեմբերին Մեմորիալ Տալի ժամանակ: A1 եւ A2 առաջնությունների մասնակիցներ, ինչպես նաեւ B եւ C առաջնությունների երեք հաղթողները կկարողանան անվչար մասնակցել նախընտրական փուլում: