Ռուս խաղաղապահների հերթական խումբն Արցախ է հասել Ադրբեջանի տարածքով՝ ռուս-ադրբեջանական սահմանով։
Զինծառայողները, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկան, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման մյուս միջոցները ՌԴ-ից տեղափոխվել են Ադրբեջան երկաթուղով, գրում է ՏԱՍՍ-ն ադրբեջանական պաշտպանության նախարարությանը հղումով։
Խաղաղապահների համար նախատեսված բեռը նոյեմբերի 29-ին հասցվել է Բարդա՝ Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա երկաթուղային ճանապարհով։ Այնուհետև այն բեռնաթափվել և Ադրբեջանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հասցվել է նշանակետ՝ Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղով։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։






