AM
30 Նոյեմբեր 2020 - 09:37 AMT

Բեգլարյան․ Արտաքին և, գուցե, ներքին ուժերն ուզում են Արցախի հանդեպ բացասական տրամադրություն խթանել

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անվերապահորեն ու խստիվ դատապարտել է վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները:

Նա արձանագրել է, որ հատկապես այս վճռորոշ իրավիճակում հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման փորձերը:

«Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը», -գրել է նա:

Բեգլարյանը նշել է, որ տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում ակտիվ դերակատարություն ունեն կեղծ օգտատերերը, ինչը վկայում է, որ արտաքին և, գուցե, ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են «հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում»:

«Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար՝ զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին»,- գրել է Բեգլարյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ հայերն ունակ և պարտավոր են չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլացիաների:

Արցախցիների հասցեին սոցցանցերում վիրավորական գնահատականներին անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ դրանք բացարձակ անթույլատրելի համարելով։ Նա գրել էր, որ ՄԻՊ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։