AM
1 Դեկտեմբեր 2020 - 06:39 AMT

Բեգլարյան․ «Խորհրդանշականորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման որոշումից 31 տարի անց միացումը ֆիզիկապես խզվում է

«Խորհրդանշականորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման վերաբերյալ պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա հավելել է, որ իր համար դա ոչ միայն ազգային, այլև անձնական դժբախտություն է, քանի որ հայրը՝ Արտյոմ Սուրենի Բեգլարյանը 28 տարի առաջ զոհվել է Քաշաթաղի հյուսիսային բնակավայրերի ազատագրման ժամանակ, «այն բնակավայրերի, որոնք այսօր հանձնվում են գերության»։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դեկտեմբերի 1-ին մտել են Քաշաթաղի (Լաչինի) շրջան, որն ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ հայտարարության, դեկտեմբերի 1-ին պետք է անցներ Ադրբեջանին։

«Անկախ այս միջանկյալ զարգացումից, որը խստորեն տարբերվում է մեր նահատակների երազանքներից, միևնույն է՝ ես հպարտ եմ իմ ընտանիքի զոհաբերությամբ հանուն Հայրենիքի…Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու նախորդ ու գալիք սերունդներին, և արդեն մեկնարկել է Արցախյան շարժման նոր ու ավելի ծանր փուլը, որի վերջնարդյունքը մեծապես կախված է հենց մեր սերնդից:

Ի դեպ, ես Արցախյան շարժման մեկնարկի ծնունդ եմ և այդ համազգային զարթոնքը դիմավորել եմ մորս փորում, իսկ ՀՀ Սահմանադրության ընդունումից յոթ տարի առաջ՝ հուլիսհինգյան ծննդիցս հետո ծնողներս վերջին պահին անունս դրեցին Արտակ՝ մյուս քննարկվող տարբերակի՝ Արցախի փոխարեն: Այնպես որ ես ի ծնե, այնուհետև՝ գիտակից կյանքիս սկզբում երդում եմ տվել կյանքս նվիրել Հայրենիքին ու Արցախյան շարժմանը՝ մինչև հաջող վերջնարդյունք կամ ցմահ: Ես երդումից ու պարտքից փախչող տեսակ չեմ…»,-ասվում է գրառման մեջ։

1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին ՀԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։