Ֆրանսիայի Ազգային ժողովն Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև է ընդունել 188 կողմ և 3 դեմ ձայնով, տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձևը Սենատի կայացրած որոշումից մեկ շաբաթ անց։
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի արտգործնախարարի տեղակալը, առարկել է բանաձևի ընդունմանը, քանի որ, նրա պնդմամբ, միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար։






