ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը ԵԱՀԿ ԱԳՆԽ հանդիպմանը։
«Մենք կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հասնելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի տևական և խաղաղ հանգուցալուծման»,- ասել է Բիգանը տեսակապով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա` «հակամարտությունը չի կարող ռազմական դաշտում հանգուցալուծվել, և, թեև տեսանելի է կրակի դադարեցումը, դա միայն առաջին քայլն է»։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






