Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Կողմերի բանակցություններից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում:
Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։
Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ:
«ԱԻ պետական ծառայությունը բանակցող կողմ չի հանդիսանում: Արցախի փրկարարներն իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերում որոնողական աշխատանքերում: Բացի այդ, ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ զինծառայողների մասին փաստացի տեղեկություններ են հավաքվում, քարտեզագրվում և փոխանցվում բանակցող կողմերին»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






