Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեռնային Ղարաբաղի հարցով պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Պաշտոնական Կրեմլից հայտնում են, որ երկուստեք մանրամասն քննարկվել է ԼՂ շուրջ իրավիճակը: Պուտինը Մերկելին տեղեկացրել է կրակի դադարեցման հարցով միջնորդական ջանքերի, Երևանի և Բաքվի խնդրանքով նաև Լաչինի միջանցքում տեղակայված խաղաղապահների գործունեության մասին։
Ընդգծվել է, որ նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությունը հնարավորություն է տալիս տարածաշրջանում կայունացնել իրավիճակը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






