AM
8 Դեկտեմբեր 2020 - 12:39 AMT

Ադրբեջանցիները հասկացրել են՝ կփորձեն ջնջել Դադիվանքում հայկական հետքը

Ադրբեջանցիները հասկացրել են, որ կփորձեն ջնջել հայկական հետքը Քարվաճառում գտնվող Դադիվանքի վանական համալիրից: Այդ երկրում ուտիների քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին հայտարարել է, թե «տաճարը հայկական եկեղեցիների հետ ընդհանրություն չունի», գրում է Azertag-ը։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից հետո Դադիվանք վանական համալիը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները գրում էին, թե այնտեղ ուտի հոգևորական է որպես հովիվ նշանակվել, հայկական կողմից այդ լուրը հերքել էին՝ նշելով, թե հոգևորականը պարզապես այցելել է վանք։

Նա նշել է, թե ինքն առաջին անգամ է այցելում ու տեսնում Դադիվանքը, սակայն վստահ է, որ վանքի քարերն ուսումնասիրելուց հետո կարելի է դրանց տարիքի մասին եզրակացություն անել՝ «ինչն է ճիշտ, ինչը՝ կեղծիք»։

«Վստահորեն կարող եմ ասել, որ եթե նմանատիպ հետազոտություն արվի, կպարզվի, որ այս քարերն ու խաչը ոչ ավելի, քան 200 տարեկան են, իսկ հնարավոր է, որ դրանք տեղադրվել են 1993 թվականից հետո։ Այնինչ Խուդավերի վանքը (Դադիվանքը) 1000 տարեկանից էլ մեծ է։ Եկեղեցու ներսում նրանք տեղադրել են հայկական խաչեր, այնտեղ, որտեղ հնարավոր է»,- ասել է Մոբիլին։

Նա նշել է, թե «ազատագրված հողի վրա իրենք կվերականգնեն հայ վանդալների կողմից ոչնչացված կրոնական հուշարձանները»։

Ադրբեջանական կողմի համար հայկական կրոնական հուշարձանների, եկեղեցիների ու տաճարների պղծումը սովորական քաղաքականություն է, վանդալիզմի չենթարկված հայկական եկեղեցիները նրանք հռչակում են «քրիստոնյա-ալբանական»։ Այդպես եղել է, օրինակ, Գաբալայի շրջանի Նիջ գյուղի եկեղեցու հետ, որտեղ հայկական արձանագրությունները փակվել են Աստվածածնի ապակե պատկերով։ Հայկական արձանագրություններն այդ եկեղեցում վկայել են, որ Սբ Աստվածածնի կառուցումը սկսվել է ժողովրդի միջոցներով 1980 թվականին և ավարտին է հասցվել հենց նույն տասնամյակում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։