AM
12 Դեկտեմբեր 2020 - 09:45 AMT

Մարդասիրական օգնության 3-րդ ինքնաթիռը՝ Փարիզից․ «Ազնավուր» հիմնադրամը ևս միացել է

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Շառ դը Գոլ օդանավակայանից Հայաստան է թռչել հումանիտար օգնություն ուղարկող երրորդ ինքնաթիռը, այն տեղափոխել է «Ազնավուր» հիմնադրամի ջանքերով հավաքված օգնությունը։

Հումանիտար օգնությունը հիմնականում ներառել է անվասայլակներ, քայլակներ, պատգարակներ, դիմակներ, դեղեր, այլ պարագաներ, ինչպես նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից դպրոցական պարագաներ և տարբեր նյութեր «Վեոլիա» հիմնադրամից։

Մարդասիրական օգնությամբ նախորդ երկու ինքնաթիռը Ֆրանսիան ուղարկել էր նոյեմբերի 22-ին և 27-ին: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գործարկում է Արցախի հայ բնակչության աջակցության համալիր ծրագիր։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։