Ռուս խաղաղապահների դիրքերն Արցախում հագեցվել են պաշտպանական միջոցներով՝ նախատեսված բեկորներից և կրակոցներից պաշտպանվելու, ինչպես նաև մերձակա տարածքի դիտարկման համար։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտակետերը հագեցրել են «Բլոկպոստ» ֆորտիֆիկացիոն կառույցներով՝ շրջանաձև դիտարկման և կրակոցներից ու բեկորներից պաշտպանվելու համար»․-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ դիրքի ենթակառուցվածքը ներառում է 2 մոդուլ կացության համար, բլոկ-մոդուլ կերակուր պատրաստելու համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական մոդուլ մշտական էլեկտրականությամբ։ Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորումներ, էլեկրասարքեր, ջեռուցման համակարգ և օդափոխության հնարավորություն։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






