AM
13 Դեկտեմբեր 2020 - 15:45 AMT

Վարչապետ․ Առաջիկայում Կուբաթլուի և Զանգելանի հետ կապված լարվածություն կարող է լինել

Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, վերաբերվում է Կուբաթլուի ու Զանգելանի շրջաններին։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհդրի արտահերթ նիստի ընթացքում։

«Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում․․․ Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ», – նշել է նա:

Նշված հատվածով է անցնում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, Կապանի օդանավակայանի փոքր մասը ևս գտնվում է նախկին Ադրբեջանի ԽՍՀ վարչական տարածքում։

Փաշինյանը խոսել է նաև առնվազն 6 հայ զինծառայողի վիրավորման պատճառ դարձած Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ռազմական բախումների մասին։ «Ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և, իհարկե, հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար», – նշել է նա:

Դեկտեմբերի 12-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Ադրբեջանը կարողացել է գրավել Հին Թաղեր գյուղն ու մոտենալ Խծաբերդին։ Նշված հատվածը կիսաանկլավային է ու պահպանվել էր Հադրութի շրջանի անկումից հետո։

Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի նպատակն է՝ համապատասխանեցնել իրավիճակը նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: «Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս և, հետևաբար, լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո», – ասել է նա։ «Ինչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը», – շեշտել է վարչապետը։