AM
14 Դեկտեմբեր 2020 - 08:01 AMT

Հունաստանից հումանիտար օգնություն է հասել պատերազմից տուժածներին

Արցախի դեմ պատերազմից տուժածներին աջակցելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն` առաջին անհրաժեշտության ապրանքներով, սննդով և բժշկական պարագաներով։

Օգնությունը նախաձեռնել են հայ համայնքի մի շարք կազմակերպություններ, իրագործել են «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։

Ինքնաթիռը Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից: