Կրեմլը հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տեղեկատվությունն իրոք քիչ է, մենք իրոք հետևում ենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով հրադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղում։
Ըստ նրա, այդպիսի դեպքերը տարածաշրջանում «լրացուցիչ ծանրաբեռնվածությոն են խաղաղապահների համար», գրում է ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Ավելի ուշ ռուս խաղաղապահների տեղակայման նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։
«Շփումները միանգամայն օպերատիվ էին»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ այլ տեղեկատվություն չի կարող ներկայացնել. «Իրոք տագնապալի իրավիճակ էր, սակայն այն շատ օպերատիվ կերպով չեզոքացվեց»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի արվարձաններում խախտվել էր հրադադարի ռեժիմը, ինչը կասեցվել է ռուս խաղաղապահների գործողությունների շնորհիվ։ Նա հավելել է, որ իրավիճակը կայունացել է, խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում և մշտական կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






