Ռուս խաղաղապահները հումանիտար օգնության 200 փաթեթ են բաժանել Արցախի Մարտակերտ քաղաքի բնակիչներին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Օգնություն է ստացել 200 ընտանիք, փաթեթի մեջ սննդամթերք է, կենցաղային քիմիա, մանկական սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ։ Ինչպես ասել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոի պետ, գնդապետ Իգոր Սիվկովը, ընդհանուր առմամբ խաղաղապահները 12 տոննա հումանիտար բեռ են հասցրել քաղաք։ Նա հավելել է, որ հումանիտար օգնությունը ԼՂ բնակիչներին հատկացվում է ՌԴ նախագահի և կառավարության հանձնարարությամբ։
Մարտակերտի շրջկենտրոնի ղեկավարի տեղակալ Նելսոն Աթայանը նշել,է, որ Մարտակերտը պատերազմի ընթացքում առավել տուժած բնակավայրերից է։
«Քաղաքին մեծ վնաս է հասցվել՝ գնդակոծությունների, ռմբակոծությունների և անօդաչուների հարձակումների արդյունքում։ Այժմ և շրջանը, և քաղաքաը վերականգնվում են, փորձում ենք բուժել վերքերը»,-ասել է Աթայանը։
Նա հավելել է, որ առաջին հերթին վերականգնվում են հիվանդանոցներն ու դպրոցները։ Շատ են տնից զրկվածները։
«Բայց ընդհանուր առմամբ, կյանքը հունի մեջ է մտնում»,-ասել է նա։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






