AM
16 Դեկտեմբեր 2020 - 08:14 AMT

Եվրախորհրդարանում ստեղծվել է ԼՂ հետ բարեկամության և համերաշխության խումբ

Եվրոպական խորհրդարանում ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ։ Միջկուսակցական խմբի ստեղծումը նախաձեռնել են Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսին (Ֆրանսիա), Սիլվի Գիյոմը (Ֆրանսիա) և Պետեր վան Դալենը (Նիդերլանդներ):

Եվրոպական խորհրդարանի բոլոր անդամներին ուղարկված նամակով երեք եվրախորհրդարանականը կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Արցախում ապրող հայերի անվտանգությամբ և գոյատևմամբ, ներգրավվել բարեկամության խմբի մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը։

Բարեկամության խմբի նպատակն է լիարժեք աջակցություն ցուցաբերել Արցախի հայ ժողովրդին, որը տառապում է ճնշումից և իր պատմական տարածքի բռնազավթումից:

Նշվում է, որ Ադրբեջանի հսկողության տակ այժմ անցած տարածքներում շատ հայեր գտնվում են էթնիկ զտման վտանգի առաջ, և ԵՄ-ն պետք է ներգրավի իր բոլոր դիվանագիտական ուժերը՝ կանխելու այն։ Այն տարածքներում, որոնք չեն կցվել Ադրբեջանին, հայերը պետք է կարողանան շարունակել ապրել առանց ներխուժման վախի ու ի վիճակի լինեն բարձրաձայնել իրենց հայկական ինքնության մասին։ Միջազգային հանրությունը սկսած ԵՄ-ից՝ պետք է ամբողջությամբ ճանաչի Արցախի բարձրագույն ղեկավարությանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։