Նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է մոտ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ ինքը կապ է հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ, մեծ է հավանականությունը, որ կորած զինծառայողներն ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում են:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հադրութին հարակից դիրքերից մոտ 150 զինծառայող է շրջափակման մեջ մնացել, ապա գերեվարվել։ ՊԲ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
«Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ»,-հայտարարել է նա։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






