Արցախյան 44-օրյա պատերազմը հնարավոր էր ավելի շուտ կանգնեցնել, ավելի քիչ կորուստներով ու հարաբերական ավելի լավ պայմաններով, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այդ հարցերին ավելի ուշ կանդրադառնա։
Նա ևս մեկ անգամ նշել է, որ պատերազմը նոյեմբերի 9-ին չդադարեցնելու այլընտրանքը մարդկային ու տարածքային ավելի մեծ կորուստներն էին լինելու։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






