Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է դիերի փոխանակման գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի միջև, որի արդյունավետության բարձրացման համար որոնողական խմբերի քանակն ավելացվել է։ Այդ մասին հայտարարել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմերի հաշտեցման կենտրոնի պետի տեղակալ գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը՝ հավելելով, որ այժմ 3 որոնողական խմբի փոխարեն 5-ն է աշխատում։
Անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց տվյալների հավաքագրման կենտրոնի «թեժ գծին» 490 հեռախոսազանգ է արվել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Նրա խոսքով` դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40,000 փախստականի անվտանգ վերադարձ Լեռնային Ղարաբաղ։
Գնդապետը հավելել է նաև, որ Մարտակերտում ավարտվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը, որը սկսում է բժշկական աջակցություն ցուցաբերել ռուս խաղաղապահներին և բնակիչներին: Վերջիններիս օգնություն են ցուցաբերում նաև ռազմաբժիշկների շարժական խմբերը: Ընդհանուր առմամբ, արդեն սպասարկվել է 558 մարդ, այդ թվում ՝ 67 երեխա։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






