Արցախի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղը հաջողվել է ապաշրջափակել՝ ադրբեջանական հենակետը հեռացվել է ճանապարհից, տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։
Ադրբեջանական ուժերը Հին Շեն տանող ճանապարհին հենակետ էին դրել՝ փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Հենակետը հեռացվել է ռուս խաղաղապահների միջամտությամբ։
Համայնքի բնակիչների անվտանգությունն ու անցուդարձն ապահովում են պաշտպանության բանակի զինծառայողներն ու ռուս խաղաղապահները։
Գյուղի բնակիչները պատմել են, որ ադրբեջանցիներն անգամ փորձել են գյուղ մտնել, սակայն գյուղի տղամարդիկ դա թույլ չեն տվել։
Ադրբեջանական ուժերը դիրքավորված են մնում գյուղի շրջակա բարձունքներում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






