AM
19 Դեկտեմբեր 2020 - 05:58 AMT

Արցախում ականի պայթյունից ռուս խաղաղապահ է զոհվել

Շուշիի մատույցներում ականի պայթյունից ՌԴ Ականազերծման միջազգային կենտրոնի սպա է մահացել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Շուշիի մոտակայքում ճանապարհահատվածի ականազերծման ժամանակ պայթուցիկ սարքը պայթել է»,-ասել են նախարարությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Զինվորականը ծանր վիրավորում է ստացել։ Նրան օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալի ճանապարհին նա մահացել է։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։