AM
24 Դեկտեմբեր 2020 - 07:07 AMT

Արամ Ա-ն 2021-ը հռչակել է Արցախի տարի

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի, տեղեկացնում է նրա ֆեյսբուքյան էջը:

Վեհափառը կոչ է արել Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների հրապարակային տոնախմբությունների համար նախատեսված ծախսերը հատկացնել Արցախի մանուկներին:

Հռչակագիրն ընթերցվելու է Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում 2021-ի հունվարի 10-ին։

2003թ. սկսած Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը հայրապետական հատուկ հռչակագրով յուրաքանչյուր տարին հռչակում է եկեղեցուն, մշակույթին, հայրենիքին, անցյալին ու ներկային առնչված որևէ արժեքի, մտահոգության կամ դեպքի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։