AM
24 Դեկտեմբեր 2020 - 08:25 AMT

Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներն Ամանորին ընդառաջ աջակցություն կստանան

Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներն Ամանորի կապակցությամբ աջակցություն կստանան։ Գործադիրը հաստատել է ծրագիրը։

Սոցիալական աջակցություն կտրամադրվի 2015-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020-ի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաներին։

Յուրաքանչյուր երեխայի 20,000 դրամի չափով միանվագ դրամական աջակցություն կհատկացվի։

Գումարը կտրամադրվի դեկտեմբերի 28-ից՝ «Հայփոստի» և Արցախփոստի բաժանմունքներից։

Նախագիծը ներկայացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ անհրաժեշտ բյուջեն կկազմվի նախարարության աշխատակիցների դեկտեմբեր ամսվա պարգևավճարներից և աշխատավարձի հավելավճարներից։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։