Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 23-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի մարմին։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Aysor.am-ը։
Մինչ օրս, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1069 մարմին:
Դեկտեմբերի 24-ին աշխատանքները շարունակվում են Շուշիի, Կովսականի (Զանգելան), Հադրութի և Ֆիզուլու ուղղություններով։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






