Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայայության նյութատեխնիկական բազան Ռուսաստանի աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝ գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին:
Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Այդ հարցով Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը:
Ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «Կամազ և Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «Կամազ» ավտոկռունկով:
Բացի այդ, համագործակցության շրջանակում ՌԴ-ն հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որոկի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:
Ռուս սակրավորական ջոկատները ևս ընդգրկված են Արցախում ականազերծման ու այլ փրկարարական աշխատանքներում:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






