Արցախի սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես` Ասկերանի Սառնաղբյուր գյուղում, տարակուսանք է առաջացրել զենք-զինամթերքը, ինչպես նաև կապի միջոցները հանձնելու որոշումը, տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Գյուղի տղամարդիկ գիշերները պարեկություն են անում։ Բնակիչները նշում են, որ ավելի ապահով են իրենց զգում, երբ տանը զենք կա։
Նրանք կարծում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանամերձ գյուղերում պետք է ինքնապաշտպանական խմբեր լինեն, և առաջարկում համապատասխան օրենք ընդունել։ Նշվում է, որ մեծ է դիվերսիոն խմբերի ներթափանցման և թշնամական այլ գործողությունների հավանականությունը, հատկապես, մառախուղի և եղանակային անբարենպաստ այլ պայմաններում։
Բնակիչները նշում են, որ ռուս խաղաղապահները, լայն առումով, արցախցիների անվտանգության երաշխավորը չեն, երաշխավորը Պաշտպանության բանակն է, առավել ևս, որ խաղաղապահները միայն դիտարկում են իրավիճակը, իսկ նրանց դիտակետերը ոչ բոլոր գյուղերում են տեղակայված։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






