«Իմ քայլը» հիմնադրամը, մեկնաբանելով Ստեփանակերտում հիմնադրամի տեղադրած տոնածառի և վրանների ապամոտաժմանը, հայտարարել է, որ որոշվել է չեղարկել Ստեփանակերտի միջոցառումը՝ երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար։
Դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի Վալեքս հյուրանոցի բակում տեղադրված տոնական վրանները և տոնածառն ապամոնտաժվում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։ «Այս պահին ապամոնտաժվում է այն միջոցառման նախաձեռնումը, որին դեմ ենք մեր ժողովրդով»,- գրել էր նա։
«Իմ քայլը» հիմնադրամում նշել են, որ իրենց հովանավորությամբ դեկտեմբերի 26-ին և 27-ին Ստեփանակերտում նախատեսվում էր իրականացնել ամանորյա կրթաժամանցային մանկական միջոցառում, որտեղ երեխաները հնարավորություն կունենային 10 թեմատիկ տաղավարում էլֆերի հետ միասին ձևավորել թխվածքաբլիթներ, պատրաստել խաղալիքներ ու բացիկներ, գունազարդել կավե արձանիկներ ու պաստառներ, գիտափորձեր անցկացնել «փոքրիկ գիտնականների լաբորատորիայում», հյուրասիրվել տաք շոկոլադով ու թարմ վաֆլիով, փոքրիկ նվերներ ստանալ Ձմեռ պապից ու խաղալ հեքիաթային կերպարների հետ։
«Միջոցառման նպատակը երեխաներին հետպատերազմական ծանր մթնոլորտից մի փոքր կտրելն ու մի փոքրիկ հեքիաթային անկյուն պարգևելն էր։ Միջոցառմանը նախորդող մոտ երկու շաբաթների ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները հետաքրքրվում էին հանրության և հատկապես տեղահանված բնակչության շրջանում, թե արդյո՞ք կցանկանան երեխաներին տանել կրթաժամանցային միջոցառման, և ստանում էին միանշանակ դրական արձագանք։ Սակայն միջոցառման նախօրեին սոցիալական ցանցերում կեղծ լուրեր տարածվեցին այն մասին, թե նախատեսվում է համերգ։
Առավոտյան կազմակերպիչները պոկած և թափված գտան տոնածառի ճյուղերն ու խաղալիքները, իսկ հավաքված մի խումբ տղամարդիկ պահանջեցին ապամոնտաժել տաղավարները։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ հնչում էին կոչեր տաղավարները վառելու, ինչպես նաև՝ երեխաների մուտքը միջոցառմանը խոչընդելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ նպատակը պատերազմի ընթացքում երեխաների տարած սթրեսը մեղմելն էր, որոշվեց չեղարկել միջոցառումը՝ երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար»,-ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
Նշվում է, որ միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգվել են ԱՀ կառավարության հետ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






