Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ որոշել է ստեղծել անբարեխիղճ տանտերերի սև ցուցակ, որտեղ հայտնվողները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից։
«Տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարանով ապահովելու պետական ծրագրերի շրջանակում բնակարանների վարձավճարի փոխհատուցման տարբեր մեխանիզմներ են գործարկվել ու գործարկվում։ Սա բերել է բնակարանների վարձավճարների արհեստական թանկացման հատկապես Ստեփանակերտում, ինչից մեծապես տուժում են չտեղահանված բնակավայրերի բնակիչները, որոնք մինչև պատերազմ էլ տարբեր հանգամանքների բերումով վարձով բնակվում էին մայրաքաղաքում»,-ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ անբարեխիղճ տանտերերը կամ զգալի բարձրացնում են վարձը հին վարձակալների համար, կամ ազատվում նրանցից՝ տեղահանված բնակիչներ հյուրընկալելու, որպեսզի ավելի մեծ գումար ստանան։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






