ՌԴ ՊՆ Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում։ Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման աշխատանքներում կիրառվում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը և ականազերծման բարձր տեմպը ցանկացած եղանակի պայմաններում։
2020-ի նոյեմբերի 23-ից սկսած ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են ավելի քան 414,600 հա տարածք, 160 կմ-ից ավելի ճանապարհ, 617 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության ավելի քան 20 օբյեկտ, վնասազերծել են մոտ 19,000 պայթուցիկ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Հայտնաբերված պայթուցիկներն ու չպայթած զինամթերը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ առանձնացված վայրում։ Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, վնասազերծվում է տեղում։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






