Bitcoin-ի գինը կտրուկ աճել է Վաշինգտոնում անկարգությունների ֆոնին՝ հատելով $37,000-ը, գրում է Forbes-ը։
Ըստ Coindesk-ի` առավոտյան ժամը 6:29-ին Bitcoin-ի գինն աճուրդներին $37,627 էր, այն աճել է 10%-ով:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի շենք ներխուժելուց հետո կրիպտոարժույթը նախ թարմացրել է բոլոր ժամանակների իր ամենաբարձր ցուցանիշը` հատելով $36,000 նշագիծը՝ 1 Bitcoin-ի դիմաց, իսկ ավելի ուշ գինը գերազանցել է $37,000-ը:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կոնգրեսի շենք և խափանել Սենատի և Ներկայացուցիչների պալատի նիստը, որտեղ պետք է հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել և մի քանի ժամից դուրս մղել ցուցարարներին շենքից։ Ինքը՝ Թրամփը հանրահավաքում կոչ էր արել իր կողմնակիցներին գնալ դեպի Կապիտոլիում, բայց անկարգություններից հետո նրանց հորդորել էր ցրվել։ Հունվարի 7-ին Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հաստատել են դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում։
Հունվարի 6-ին Bitcoin-ի գինն աճուրդներին արդեն թարմացրել է իր պատմական առավելագույնը` հասնելով $35,000-ի: JPMorgan ամերիկյան ֆինանսական հոլդինգի վերլուծաբանները կանխատեսել էին, որ Bitcoin-ի գինը կաճի մինչև $146,000։
2020-ի դեկտեմբերի կեսերին կրիպտոարժույթը պատմության մեջ առաջին անգամ հատել էր $20,000-ի սահմանը: Հունվարի 2-ին բիթքոինի արժեքը աճել էր $30,000-ից էլ բարձր, հունվարի 3-ին պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր $34,000-ը:
Bitcoin-ի արժեքի աճի վերջին ալիքը սկսվել էր 2020-ի սեպտեմբերին: 4 ամսում դրա ցուցանիշն աճել էր 260%-ից ավելի: