Արցախի պետհամալսարանի (ԱրՊՀ) հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն, ասվում է համալսարանի հայտարարության մեջ:
Դա պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով և գիտխորհրդի համապատասխան որոշմամբ։
Այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար պետք է մինչև հունվարի 20-ն անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնեն ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:
«ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք գտնվում են համալսարանում և անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- ասված է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






