Վրաստանում ակնկալում են փետրվարին COVAX հարթակի միջոցով ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն։
COVAX-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման, արտադրության և տարածման համաշխարհային հարթակ է։
Վրաստանում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման միջգերատեսչական հանձնաժողով։ Իշխանությունները ծրագրում են 1․4 մլն դեղաչափ գնել 700,000 քաղաքացու պատվաստելու համար, ինչը կազմում է բնակչության 20 տոկոսը: Առաջին պատվաստանյութը կստանան տարեցներն ու ծերանոցների բնակիչները, որից հետո` բուժաշխատողները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գործակցում ենք COVAX հարթակի հետ, որը պարտադիր կերպով պահանջում է ներկայացնել պատվաստման ծրագիր։ Մենք արդեն ներկայացրել ենք COVAX-ին, ինչպես նաև ԱՀԿ-ին, պատվաստման մեր պլանը: Ինտենսիվ բանակցություններ ենք վարում, որոնք ենթադրում են, որ փետրվարին Վրաստանը կստանա COVAX-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինները»,- ասել է Տիկարաձեն։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանը պատվաստանյութ կստանա մարտին։ Տիկարաձեի տեղակալ Թամարա Գաբունիան հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները քննարկում են բրիտանաշվեդական AstraZeneca ընկերության, ամերիկյան Pfizer-ի և նրա գերմանական գործընկեր BioNTech-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի Moderna ընկերության արտադրած պատվաստանյութերի գնման հնարավորությունը:
Հունվարի 8-ի դրությամբ Վրաստանում կորոնավրուսով վարակվել է 236,028 մարդ՝ բնակչության 6,35%-ը։ 224,189 մարդ ապաքինվել է, 2728 պացիենտ մահացել է։