AM
9 January 2021 - 09:29 AMT

Վրաստանում բիզնեսին արտոնություններ կտրվեն

Վրաստանում բիզնեսին արտոնություններ կտրվեն։ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին Համակարգող խորհրդի նիստից հետո ներկայացրել է հարկային այն արտոնությունները, որոնք կառավարությունը կտրամադրի բիզնեսին։

«Առաջին հերթին, հարկային արտոնությունները կրկին կերկարացվեն 6 ամսով։ Ուստի, գործատուն իրավունք կունենա բյուջե չփոխանցել մինչև 750 լարի աշխատավարձից գանձվող եկամտահարկը, եթե այդ աշխատակցի ստացած աշխատավարձը նույն գործատուից չի գերազանցում 1500 լարին։ Խոսքը 550,000 մարդու մասին է, որոնք աշխատում են ավելի քան 42,000 ընկերությունում»,-ասել է նախարարը, գրում է «Գրուզիա Online»-ը։

Երկրորդ արտոնությունն այն է, որ 2020-ի դեկտեմբերի 1-ից սկսած հաջորդ 6 ամսվա համար երկարացվում է գույքի վարձակալության հարկման հնարավորությունը, լիզինգային ծառայությունների ԱԱՀ գանձումը համապատասխան գումարի փաստացի վճարման ժամանակահատվածում։

Ըստ ֆինանսների նախարարի՝ որոշվել է նաև չեղարկել հետաձգված շահութահարկի գանձումը զբոսաշրջության ոլորտից 2020-ի փետրվար-մայիսի համար։ Ըստ նրա՝ խոսքը 20 մլն լարիի մասին է և դրանից մոտ հազար ընկերություն կօգտվի։

Իսկ Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերզիում և Մեսթիայում գտնվող հանգստավայրերի հյուրանոցների համար եկամտահարկի գանձումն առանց տոկոսների հետաձգվել է 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերից մինչև 2021-ի հուլիս։

Հունվարի 8-ի դրությամբ Վրաստանում կորոնավրուսով վարակվել է 236,028 մարդ՝ բնակչության 6,35%-ը։ 224,189 մարդ ապաքինվել է, 2728 պացիենտ մահացել է։