ԼՂ դեմ պատերազմում Ադրբեջանին ցույց տված աջակցությունից հետո Անկարան էականորեն ամրապնդել է իր դիրքերը Հրվ Կովկասում, Թուրքիան կարող է ակտիվացնել իր դիվանագիտական նախաձեռնողականությունը ՀՀ-ի հետ հարաբերություններում, նման կարծիք են հայտնել Ahval պարբերականի վերլուծաբաններ Նադիր Հաբիբը և Ամելիա Աթալայնը։
Մերձավորարևելան մամուլը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքները՝ դիտարկելով այն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների տեսանկյունից։
«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում երեք հաղթող կա՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, իսկ պարտվողը մեկն է՝ Հայաստանը։ ՌԴ-ն վերականգնել է իր ազդեցությունը Հրվ Կովկասում, Ադրբեջանը վերանվաճել է իր տարածքները, Թուրքիան Ադրբեջանի հետ կիսել է հաղթանակը որպես գլխավոր դաշնակից»,- գրում է պարբերականը։
Ըստ հոդվածի հեղինակների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր բարի կամք դրսևորել և նախաձեռնել Հայաստանի հետ երկխոսություն և մշակութային երկխոսություն։
«Վերջին տասնամյակներին Թուրքիայի վրա ԱՄՆ և ԵՄ կողմից ցեղասպանության զոհերի ճանաչման և ներողություն խնդրելու պահանջով արտաքին ճնշումները հանգեցրել են ազգայնական դիմադրությունների»,- գրում է Ahval-ը։
Հոդվածի հեղինակները նշում են, որ եթե Էրդողանը «առատաձեռն հաղթողի» վարքագիծ դրսևորի, ապա այս հարցով ընդդիմախոսների դիմադրությունը կնվազի։
Նշվում է, թե Էրդողանը կարող է օգտվել «Ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի (1917-1997) հռետորաբանությունից, ով իր ժամանակին ասում էր, թե վաղ թե ուշ պետք է խոսել հայերի հետ, դիվանագիտական փոխգործակցություն սկսել։
Ըստ Հաբիբի ու Աթալայի՝ այժմ Էրդողանի համար նման համագործակցություն սկսելու և նախորդ դարասկզբին հայերի զանգվածային սպանությունները ճանաչելու կատարյալ պահ է։ Նրանց խոսքով՝ նման քաղաքականությունը սահմաններն առավել թափանցիկ դարձնելու, երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացնելու և Հրվ Կովկասում խաղաղությունն ամրապնդելու հնարավորություն կտա։
ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական մեծ աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին՝ օժանդակելով ինչպես զենքով, այնպես էլ փորձագետներով։ Պատերազմի ողջ ընթացքում թուրքական կողմն ակնհայտորեն աջակցում էր Ադրբեջանին նաև քաղաքական հայտարարությունների մասով։






