Երեւանում բացվել է ամերիկյան լուսանկարների ցուցահանդեսը «Սեպտեմբերի 11-ից հետո: Լուսանկարներ ողբերգության գոտուց» խորագրով: Ինչպես ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը, տվյալ էքսպոզիցիայի նպատակն է` «ցույց տալ սեպտեմբերի11-ի ահաբեկչությունների ավերիչ ուժը, ինչպես նաեւ վերականգնողական աշխատանքների մարդկային եւ ֆիզիկական ծավալները»: «Սեպտեմբերի 11-ի իրադարձությունները` դա առանձին ազգի ողբերգություն չէ, եւ մեր նպատակն է` հնարավորություն տալ յուրաքանչյուրին զգալ այդ ամենը»,-ասել է դեսպանը: Օրդուեյը նշել է նաեւ ահաբեկչության դեմ պայքարի համար դաշինքի ստեղծման կարեւորությունը, «որի շնորհիվ մենք արդեն հասել ենք որոշակի հաջողությունների»: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից, ԱՄՆ պետական քարտուղարությանը կից կրթության եւ մշակույթի հարցերով բյուրոյի հովանու ներքո: Լուսանկարների հեղինակն է Ջոել Մեյերովիչը, որը Նյու Յորքի թանգարանի խնդրանքով ստեղծում է 5 հազար լուսանկարների արխիվ: