Փետրվարի 1-ից Վրաստանը վերսկսել է կանոնավոր չվերթերը, ավիաընկերությունները հրապարակել են ուղղությունները, որոնցից կարող են օգտվել Վրաստանում գտնվող անձինք: Georgian Airways ավիաընկերությունը, օրինակ, այս ցանկում ներառել է նաև Երևանը, փոխանցում է «Ալիք մեդիան»։
Ըստ Վրաստանի կառավարության՝ Հայաստանի հետ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային սահմաններով ելումուտի հետ կապված նոր կանոնակարգեր չկան, քանի որ Վրաստանը սահմանը չի բացել ՀՀ-ի համար:
Ինչ վերաբերում է հատուկ պայմաններին՝ Վրաստանից ՀՀ նշված չվերթերով կարող են տեղափոխվել ՀՀ քաղաքացիները (հետևաբար նաև՝ ՀՀ-ից Վրաստան՝ Վրաստանի քաղաքացիները):
Թույլ է տրվում նաև տեղափոխվել (Վրաստանից դուրս գալ ու վերադառնալ) Վրաստանի ու Հայաստանի պաշտոնական երկքաղաքացիություն ունեցող անձանց (ում քաղաքացիությունը պաշտոնապես պահպանված է ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ Հայաստանում):
Ոչ օդային, ոչ էլ ցամաքային ճանապարհով թույլատրելի չէ հատել Վրաստանի սահմանը Վրաստանի քաղաքացիներին ու նրանց, ովքեր բնակության իրավունք ունեն:
Բոլոր պայմանները բավարարելու դեպքում Վրաստանն իր սահմանն անցնող՝ Հայաստան տեղափոխվող քաղաքացուց չի պահանջում որևէ փաստաթուղթ, հավելյալ պահանջներ կարող է ունենալ ավիաընկերությունը։
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ երկիր մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելը պարտադիր է:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանը ներս կթողնի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք անցած կլինեն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսը՝ երկու դոզա: Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։






