Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի Պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկներն անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:
«Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունն առավելագույնս ապահովելու նպատակով միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները, իսկ վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է: «Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուներն ու կազմակերպիչները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե ադրբեջանական կողմի պահանջով առաջիկայում կազմալուծվելու է Արցախի Պաշտպանության բանակը, իսկ բնագծերի անվտանգությունը ապահովելու են ռուս խաղաղապահներն ու Արցախի՝ նոր կազմավորված ներքին գործերի նախարարության աշխատակիցները։
Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ևս հերքել էր ՊԲ կազմալուծման մասին լուրերը։ Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն, իր հերթին, ասել էր, որ Պաշտպանության բանակում զինվորները, ըստ նախնական տվյալների, սկսելու են ծառայել 2 տարուց պակաս, բանակը վերակազմակերպվելու է պրոֆեսիոնալ հիմնունքներով։






