AM
15 Փետրվար 2021 - 14:41 AMT

ԱՀԿ-ն հորդորում է Covid-19-ով հիվանդացածներին ևս պատվաստվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորում է Covid-19-ով հիվանդացածներին ևս պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։

«Մենք խորհուրդ ենք տալիս պատվաստվել անկախ նրանից՝ հիվանդացել եք Covid-19-ով, թե՝ ոչ»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Covid-19-ը տարած հիվանդների մեծ մասի մոտ իմունային պատասխան է ձևավորվում, սակայն ոմանց դեպքում այն բավարար հզոր չէ։

«Խոսքը հատկապես այն անձանց մասին է, որոնք շատ թույլ են վարակված եղել և երբեմն նույնսիկ չեն էլ իմացել այդ մասին, քանի որ հիվանդությունն անախտանիշ է անցել։ Ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել»,- ասել է նա։

Սվամինաթանը հավելել է նաև, որ ԱԿՀ-ն դեռևս չունի այն հարցի պատասխանը, թե որքան է իմունիտետի տևողությունն այս վարակի պարագայում։ Այդ հարցը դեռ ուսումնասիրվում է։

Նա հիշեցրել է նաև, որ կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել միայն մեծահասակները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի SARS-CoV-2-ի նոր շտամերով կրկնակի վարակումների մասին, չնայած վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությանը։