AM
18 February 2021 - 10:10 AMT

Իտալիայում դրական եզրակացություն են տվել ռուսական «Սպուտնիկ V»-ի արդյունավետությանը

Իտալիայի Լաձարո Սպալանցանիի անվան վարակիչ հիվանդությունների ինստիտուտը դրական եզրակացություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությանն ու անվտանգությանը։ Այդ մասին պետական RAI հեռուստատեսության եթերում հայտարարել է բուժհաստատության տնօրեն, պրոֆեսոր Ֆրանչեսկո Վայան, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինստիտուտը կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման հենց սկզբից զբաղվում է կորոնավիրուսի հարուցած հիվանդության բուժմամբ և հետազոտմամբ։

«Մենք մեր հետազոտությունն ենք անցկացրել ՝ ուսումնասիրելով մեր տնօրինության տակ եղած գիտական նյութերը ռուսական պատվաստանյութի մասին, այդ թվում՝ The Lancet հանդեսի հրապարակումները։ Եվ մեր եզրակացությունը դրական է, պատվաստանյութի արդյունավետությունը 92% է և այն լիովին անվտանգ է։ Ինստիտուտի եզրակացությունը մենք փոխանցել ենք առողջապահության նախարարությանը և այն կհասցվի կառավարության ղեկավարին»,- ասել է Վայան։

Նա նշել է, որ եզրակցությունը կրում է բացառապես «գիտատեխնիկական բնույթ»։

«Վստահ եմ, որ նման գնահատականները պետք է զուրկ լինեն քաղաքական աստառից։ Եթե պատվաստանյութն արդյունավետ է և անվտանգ, այն պետք է կիրառվի Իտալիայում»,- ասել է մասնագետը։

Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: