Արցախում մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական դրությամբ պայմանավորված, փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիրը։
Ընտրությունները հետաձգելու նախաձեռնողը եղել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են վերջիններիս սեփական դիմումների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է»,-գրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նշվում է, որ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ: Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան:
2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






