ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ տեսակապով քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:
Դեսպանը մանրամասն ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և 44-օրյա պատերազմին հաջորդած հսկայական մարդասիրական ճգնաժամը: Ներսեսյանը կարևորել է ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձությունը, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մշտական աջակցության և անխոնջ ջանքերի համար` հայկական խնդիրներին Կոնգրեսի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ:
Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։






